Կարելի էր և չսևեռվել խնդրի վրա, եթե «պատահականությունների» շքերթն այդքան «բուռն» չլիներ, չվերածվեր գրեթե օրինաչափության: Խոսքը, այո, վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների մասին է: Հերթագայումն «այնտեղ» խիստ ինտեսիվ էր, որպեսզի չմտածես` ի՞նչ հարց է լուծվում ի վերջո, ո՞ւմ կողմից և ինչո՞ւ: Այլապես, ինչո՞ւ բոլոր մաշված «բալոնները» մեկ էլ ու «որոշեցին» միմյանց հերթ չտալով պայթել, և այն էլ` մահվան ելքերով:
Ակնհայտ է՝ ինչ-որ բան այն չէ: Նախ` հետաքրքիր է, որ «գործընթացը» դրսևորվեց նաև ոչ անհայտ Հակոբ Հակոբյանի գազալցակայանում: Իհարկե, «կոնսպիրոլոգիան» և դավադրությունների տեսությունն առանձապես շնորհակալ աշխատանք չեն, բայց եթե հիշողություններս փոքր-ինչ լարենք, ապա կվերհիշենք, որ նույն Հակոբյանն անցնում էր ևս մեկ կոնսպիրոլոգիական «կետով». ժամանակ առաջ ֆիլմ էր նկարահանել Ցեղասպանության մասին, որն էլ ունեցավ իր «հետևանքները», և չար լեզուներն ասում էին, թե Հակոբ Հակոբյանին դրդել են նման ֆիլմ նկարահանելու, որպեսզի հարամվեն, անլրջանան Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, ինչի մասին պատկերացում իսկ չի ունեցել Հակոբյանն ինքը: Ասել է՝ պայթյունը գազալցակայանում և դրան հաջորդած աղմուկը բավականին «տարածական ու մեծ» էին ստացվելու Հակոբյանի դեպքում, ինչպես և չցուցադրված ֆիլմի դեպքում կարող էր լինել: Մի պահ դուրս գանք թեմայի շրջանակներից` հիշեցնելու նաև, որ «կոնկուրենտ ֆիրման» նույն Ցեղասպանության հիշատակի օրերին փորձում էր «Հիմնադիր խորհրդարանին» Բերձորով ուղղորդել դեպ Ղարաբաղ` «նույնական» նպատակով, Ցեղասպանության 100-րդ տարելիցը, իբր, առանց այս ռեժիմի «դիմավորելու» ակցիայով:
Հավաքենք ծայրերը: Գոնե այս դեպքում (իհարկե, հաշվի առնելով նաև օբյեկտիվ-տեխնիկական ֆակտորը` գազաբալոնների մաշվածության գործոնը ևս), թույլ տանք կարծել, որ կոնկրետ մարդկանց կողմից, չերկնչենք ասել` չի բացառվում նույն «կոնկուրենտների» կողմից, փորձ է արվում լուծել երկակի նշանակության խնդիր.
ա) տնտեսական, ինչի մասին արդեն իսկ գրվել է մամուլում. փորձել վերաբաշխում կատարել գազալցակայանների ոլորտում:
բ) քաղաքական, որին մենք առավել քան հակված ենք: Մահվան ելքով պայթյունները ¥իսկ նման բան «սարքելը» գազալցակայաններում` մաշված բալոնների ֆոնին, ուղղակի «մանր» հարց է¤, էլէներգիայի սակագնի բարձրացման ֆոնին, երբ տեղի էր ունեցել հենց այնպիսի բարձր էներգետիկայով միտինգ, որը կարող էր դառնալ «հեղաշրջման», հեղափոխության լրջագույն հիմք, հարկավոր էր չկորցնել այդ էներգետիկան ու ոգին (հասկանալի է, չէ՞, որ իշխանություններն ամեն ինչ անելու են «մարելու» այդ էներգետիկան, որպեսզի անցնեն իրենց բուն գործին` սահմանադրական բարեփոխումներին), ուստի պետք էր ցանկացած գնով պահել այդ բողոքի էներգետիկան, անկախ նրանից, թե ինչ «գին» կվճարվի դրա համար, որպեսզի հուզական-տրանսֆորմացիոն ֆոնը կատարյալ լինի, և վերջին հնարավորությունը` սահմանադրական փոփոխություններից առաջ, նույն այդ փոփոխությունները արգելակելու, թույլ չտալու համար, որ կորսվի:
Բայց դե, մյուս կողմից էլ, սաբոտաժային տարրեր ձեռք բերող «գազապայթյունային գործընթացն» արձանագրում է, որ «կոնկուրենտների» «բագաժը» մեծ չէ, եթե չասենք` իսպառ սպառված է, քանզի, եթե իսկապես վերը նշված «դավադրության տեսությունը» համապատասխանում է իրականությանը, այն, ճիշտ է` դաժան, սակայն խիստ պրիմիտիվ է` նման կարգի, նման նպատակների համար մինչ այս «կոնկուրենտի» իրականացրած ձեռնարկների կողքին:
Որի գագաթը եղել և մնում է Գեղարքունիքից Լյուքս Ստեփանյանի դին հարազատների ձեռքը «տալն» ու այն Երևան՝ Հանրապետության հրապարակ բերել-դնելու «ձեռնարկը»… հանուն «հեղափոխության»:
Չստացվա՛ծ հեղափոխության:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ